Դավթաշեն վարչական շրջանում այսօր բացվել է «Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոցը: Նշենք, որ լողավազանը՝ որպես այդպիսին, գործում է 2007թվականից, սակայն 3-7 տարեկան փոքրիկների առանձնացված խմբի համար հատուկ պայմանները նոր են ստեղծվել:

Մարզադպրոցի հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ով կտրեց ժապավենը: Ռ. Բաղդասարյանը շնորհավորել է նախաձեռնության հեղինակներին եւ կարեւորել հատկապես երեխաների համար ստեղծված երեխաների ստեղծված հնարավորությունները, որը լավ հիմք է ստեղծում հասարակության մեջ առողջ ապրելակերպի գաղափարը արմատավորելու համար։

Մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանն էլ նշել է, որ իրենք մինչ օրս ունեցել են բազում նվաճումներ եւ հաջողություններ. «Մեր սաները մասնակցելով համապատասխան տարիքային խմբերի մրցումներում՝ դարձել են գավաթակիրներ եւ մրցանակակիրներ: Այսօրվա մանկական նոր լողավազանի բացման առիթն ու կարեւորությունն այն է, որ մեր սաները կարողանան մարզվել հանգիստ ու հարմարավետ պայմաններում: Այն կսպասարկի ոչ միայն Դավթաշենի բնակիչների, այլ նաեւ այլ վարչական շրջանների»,- ասել է Ա.Սամսոնյանը:

Ի դեպ, մարզադպրոցում կդասավանդվի բուժական լող: