Այսօր՝ հուլիսի 9-ին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

ՕԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե կուսակցության քաղաքական խորհուրդը նախ քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Որոշվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կուսակցության կազմակերպչական աշխատանքների պատասխանատու նշանակել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին: Այնուհետեւ քննարկվել են Ազգային ժողովի աշնանային եւ գարնանային նստաշրջաններում «Օրինաց երկիր» խմբակցության գործունեության արդյունքներով պայմանավորված հարցեր: Արձանագրվել է, որ 2012թ. Խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 20-ից ավելի օրենքի նախագծեր, որոնց մի մասը ընդունվել են, իսկ մյուսները քննարկումների փուլում են: Քաղաքական խորհուրդը դրական է գնահատել խմբակցության աշխատանքները:

Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ վարչության անդամ Անուշավան Այվազյանի թեկնածությունն Ավագ Հակոբյանի փոխարեն, ով ավելի վաղ ՕԵԿ քաղխորհրդի որոշումով հետ էր կանչվել Քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնից:

Քաղխորհրդում նաեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին: