Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երեւանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետ Սարգսյանը շրջայց է կատարել ինստիտուտի տարածքում, ծանոթացել «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` AREAL առաջատար հետազոտությունների էլեկտրոնային արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքների արդյունքներին:
Հաջորդիվ «Քենդլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վասիլի Ցականովը զեկուցել է AREAL գծային արագացուցչի եւ համապատասխան ենթակառուցվածքների գործարկման ընթացքի մասին: Նա տեղեկացրել է, որ 2012 թ. դեկտեմբերին ձեռք է բերվել դիագնոստիկ սարքավորում: Ձեւավորվել է եվրոպական եւ ամերիկյան առաջատար փորձագետներից բաղկացած միջազգային կոմիտե, որը 2013 թ. հուլիսի 15-17-ը կայանալիք նիստում կքննարկի առկա իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները եւ քննարկման արդյունքում կազմված հաշվետվությունը կներկայացնի համաշխարհային գիտական կենտրոններին:
Հաջորդ հարցով խորհուրդն ի գիտություն է ընդունել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի զեկուցումը «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, իրականացման ընթացքի եւ առաջիկա ծրագրերի մասին: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` նա խոսել է «Քենդլ» եւ «Հետազոտական տեխնոլոգիական համալսարան» նախագծերը Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրում ընդգրկելու հեռանկարների մասին:

































