ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, պահանջելով որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում մահափորձը պատվիրելու, կազմակերպելու եւ իրականացնելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանից, Խաչիկ Պողոսյանից ու Սամվել Հարությունյանից բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հայցապահանջի գումարի չափը սահմանվել է՝ հաշվի առնելով Հայրիկյանի բուժման ծախսերը: Նախագահի նախկին թեկնածուն 20 միլիոն 500 հազար դրամ ծախսել է մարտի 28-ից մինչեւ մայիսի 16-ը արտերկրում վիրահատվելու եւ բուժվելու համար։ Եվս 20 միլիոն 500 հազար դրամ նրան անհրաժեշտ է երկրորդ վիրահատության եւ բուժման համար, քանի որ, ըստ հայցադիմումի, բելգիացի բժիշկները եզրակացրել են, որ առաջիկա երկու տարիներին Հայրիկյանին երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն կառաջանա։
Հայրիկյանի փաստաբանը հաշվարկել է նաեւ մինչեւ 2015 թվականի ապրիլ նրան անհրաժեշտ դեղորայքի ծախսը, եւ 2 միլիոն 424 հազար դրամ էլ պահանջում է սպասվող այդ ծախսերը փոխհատուցելու համար։
Հիշեցնենք, արտերկրում Պարույր Հայրիկյանի առաջին վիրահատության ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի կառավարությունը այս տարվա գարնանը համապատասխան որոշմամբ իր պահուստային ֆոնդից նրան հատկացրել էր անհրաժեշտ 20 ու կես միլիոն դրամը։ Բայց, փաստորեն, Հայրիկյանը այդ գումարը ամբաստանյալներից է պահանջում։ Հարցին, թե արդյոք մտադի՞ր են գումարը վերադարձնել պետբյուջե, Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը պատասխանել է․«Դա կողմերի իրավահարաբերությունն է, կվերադարձնի, չի վերադարձնի, այս գործի հետ կապ չունի»։
Առավել մանրամասն կարդացեք «Ազատություն» ՌԿ-ի էջում





























