Այսօր՝ հուլիսի 10-ին, Սեւան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Հենրիկ Դանիելյանի հուշարձանի բացումը՝ Հ.Դանիելյանի անունը կրող հրապարակում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, դատական համակարգի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

Հենրիկ Դանիելյանի գործընկերները խոսելով նրա կյանքի եւ գործունեության, դատական համակարգի կայացման գործում ունեցած ավանդի եւ խորիմաստ կենսափորձի մասին, ընդգծեցին, որ նա եղել է ոչ միայն արհեստավարժ իր գործում, այլ նաեւ դրսեւորել է մարդկային բացառիկ հատկանիշներ՝ միշտ առանձնանալով հավասարակշռված ու զուսպ պահվածքով, անսահման բարությամբ, ընտանիքի ու ընկերների հանդեպ մեծ սիրով ու հարգանքով:

Գ.Հարությունյանի խոսքով, Հ.Դանիելյանի ծննդավայրում նրա հուշարձանի բացումը չափազանց խորհրդանշական է ոչ միայն նրա հիշատակը հավերժացնելու տեսանկյունից, այլ նաեւ սերունդների համար դաստիարակչական առումով. «Ես ճանաչել եմ Հենրիկին եւ նախկին աշխատանքից, եւ Սահմանադրական դատարանում: Կան մարդիկ, որոնց կարելի է էտալոնային համարել, փորձել նրանց հետ համադրել ուրիշներին՝ մարդկային, մասնագիտական եւ այլ որակները գնահատելու համար: Հենրիկն այդ եզակի մարդկանցից էր: Բարձր մասնագիտական ունակություններ, մեծ փորձ ունեցող մարդ էր, շատ հավասարակշռված, առանց էմոցիոնալ բռնկումների եւ անչափ բարի: Մենք շատ ենք վիճել տարբեր հարցեր քննարկելիս, որոշումներ կայացնելիս, բայց դա եղել է այնքան կոռեկտ եւ հանգիստ վիճակում, որ նրա այդ պահվածքը դարձել է ուրիշների համար ինչ-որ չափով օրինակելի»:

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հատկանշեց, որ այսօր Հ.Դանիելյանի հուշարձանի բացումը համնըկել է Վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակի հետ. «1998 թվականի այս օրը՝ հուլիսի 10-ին, Վճռաբեկ դատարանի գործունեության առաջին օրն էր, իսկ Հենրիկ Դանիելյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի առաջին նախագահը: Շատ երկար կարելի է խոսել նրա մասին, բայց եթե մեկ բառով բնութագրենք, ապա Հենրիկ Դանիելյանը իմաստուն մարդ էր: Նա ուներ բազմաթիվ կոչումներ, բայց նրա այդ բնատուր իմաստնությունը շատ կարեւոր էր: 

Կա մի փիլիսոփայի հայտնի արտահայտություն՝ մարդը մահանում է այն ժամանակ, երբ նրան մոռանում են: Իսկ մենք ամեն օր հիշում ենք Հենրիկ Դանիելյանի ցանկացած ասացվածք, մոտեցում, նրա բնավորության բարի եւ հանգիստ գծերը: Դատավորների մի քանի սերունդ սովորել եւ դաստիարակվել են հենց այդ կերպարի, դատավորի իդեալական կերպարի օրինակով»:

Իսկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդգծեց, որ Հենրիկ Դանիելյանը մի մարդ էր, որն իր կյանքի ամբողջ ընթացքում փորձել է օգտակար լինել սեւանցիների համար:

«Համոզված եմ, որ Հենրիկ Դանիելյանի աշխատանքային գործունեությունը շատ մարդկանց համար կլինի ուսուցողական, օրինակելի», – ասաց Ռ.Գրիգորյանը: