Լոռիի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ՝ քաղաքացու կողմից ստացված ահազանգի հիման վրա։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ քրեական գործը հարուցել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Այդ հոդվածով սահմանվել է ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սպիտակի բնակիչ, 71-ամյա Լեւիկ Մարյանը դիմել է ոստիկանության Սպիտակի բաժին եւ հայտնել, որ երեկ` հուլիսի 9-ին, ժամը 14:40-ի սահմաններում, Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Սպիտակի քաղաքապետ, 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է իրեն: Հարվածի հետեւանքով վերջինս վայր է ընկել եւ ստացել մարմնական վնասվածք: Լեւիկ Մարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հանգամանքները պարզվում են:




























