ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահներին հատուկ տեխնիկայի եւ հատուկ միջոցների մատակարարման համաձայնագրի մեխանիզմները կատարելագործման կարիք ունեն: Այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` Դոնի Ռոստովում կազմակերպության անդամ-պետությունների ՆԳ փոխնախարարների ժողովի ընթացքում:

Արտոնյալ ռեժիմով հատուկ տեխնիկայի եւ հատուկ միջոցների մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է ՀԱՊԿ երկրների նախագահների կողմից մեկ տարի առաջ, հիշեցրել է նա: «Մենք ունենք համապատասխան համաձայնագիր հատուկ տեխնիկան ու հատուկ միջոցները իրավապահներին մատակարարելու վերաբերյալ, սակայն պետք է կատարելագործել պետություններում իրացման մեխանիզմներն ու ենթաօրենսդրական բազան»,-ասել է նա լրագրողներին: Նրա խոսքով` հարցը քննարկվում է ժողովի ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Իր հերթին ՌԴ ՆԳ փոխնախարար Սերգեյ Գերասիմովն ընդգծել է, որ խոսքը ոչ միայն հատուկ տեխնիկան մատակարարելու եւ ընդունելու մասին է, այլեւ նոր նմուշների մշակման: