Superjet օդանավեր արտադրողը՝ «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունը, սնանկացման եզրին է, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին, որոնք ծանոթ են ընկերության փրկության համար տարվող բանակցությունների ընթացքին:
Խմբագրության տվյալով՝ «Սուխոյի քաղաքացիական օդանավերը» 2,1 մլրդ դոլարի պարտքեր են կուտակել եւ խախտել փոխառության մի շարք պայմաններ: Այսպես, 2012թ. ընկերությունը ուշացրել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին կատարելիք վճարումները, ինչպես նաեւ խախտել է պետական ՎԷԲ-ից եւ եվրոպական WestLB բանկերից ստացած վարկերի պայմանները:
Ընկերությանը հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել առ այն, որ 2013թ. ընթացքում բանկերը պարտքերի վաղաժամկետ մարում չպահանջեն: Բայց այդ ընթացքում ընկերությունը պետք է հաղթահարի ֆինանսական դժվարությունները: Եթե մինչեւ տարեվերջ Superjet-ի արտադրողը գումար չգտնի, ստիպված կլինի վարկերի հարցով դեֆոլտ հայտարարել, պատմել են թերթի աղբյուրները:
Superjet-ն առաջին օդանաավն է, որ կառուցվել է Ռուսաստանում, ոչ թե ԽՍՀՄ-ում: 2012թ. Sukhoi Superjet 12 օդանավ էր վաճառվել: 2013-ին նախատեսում են եւս 27-ը վաճառել: Ընկերության կորուստները 2012 թ. կազմել էր 111 մլն դոլար:


























