Եթե հաշվի չառնենք շինարարության ոլորտը, ուր անկումը հասնում է ավելի քան 50%-ի, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանի տնտեսությունը աստիճանաբար կայունանում է։ Այս մասին հայտնել է ֆինանսա-վարկային ու բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Ըստ Մինասյանի կանխատեսման, տնտեսական անկումը Հայաստանում տարվա վերջին չի գերազանցի 10%-ը։ «Նման կարծիքի են նաեւ ԱՄՀ-ի ներկայացուցիչները, եւ ես կարծում եմ, որ այս ցուցանիշը միջինը կլինի ԱՊՀ մյուս պետությունների համար»,- հայտարարել է նա։
Այս տարվա անցած հինգ ամիսների ընթացքում տնտեսական անկումը Հայաստանում կազմել է 15,7%։ Եթե համեմատենք 2009 թվականի առաջին հինգ եւ չորս ամիսների ցուցանիշները, ապա կարելի է անկման տեմպերի 1%-ի նվազում արձանագրել էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ արտահանման ոլորտներում։
Գործերի նման վիճակը Մինասյանը համարում է քաղաքացիների կողմից երկարատեւ ներդրումների պակասի արդյունք, ինչը բնորոշ է ոչ միայն Հայաստանի համար. «Ճգնաժամի ամենածանր դրսեւորումներից մեկն այն է, որ բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչներն ավելի քիչ են երկարատեւ ներդրումներ անում»։ Ըստ Մինասյանի, շինարարության ոլորտում նման անբարենպաստ պատկերը պայմանավորված է նաեւ 2009 թվականին տրանսֆերների թվի 30% նվազմամբ։ Նրա կարծիքով, այն բանից հետո, երբ կավարտվի ճգնաժամը եւ կընդլայնվեն արտահանման հնարավորությունները, մասնավորապես՝ լեռնահանքային եւ գյուղատնտեսական արտադրանքի, Հայաստանի տնտեսությունը կսկսի աստիճանաբար ակտիվանալ։
Հայաստանին տրամադրված խոշոր վարկերի մարման հարցը նույնպես անհանգստություն չի պատճառում Մինասյանին. «Վերջին տարիների ընթացքում մենք կարողացանք իրականացնել պարտքերի մարման գործընթացը, եւ այսուհետ էլ Հայաստանն այդ հարցում խնդիրներ չի ունենա»։ "Ինչ վերաբերում է սղաճին, ապա այդ ցուցանիշը Հայաստանում շատ ավելի ցածր էր, քան Համագործակցության երկրներում, այդ պատճառով ես կարծում եմ, որ ընթացիկ տարում Հայաստանին կհաջողվի սղաճը պահել բյուջեով նախատեսված շրջանակներում, այսինքն 4,5%-ի մակարդակում։
Նախօրեին Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսության անկումը ըստ 2009 թվականի արդյունքների, չի գերազանցի 10%-ը եւ, ԱՄՀ-ի լավատեսական կանխատեսումների համաձայն, կկազմի շուրջ 9,5%։ 2009 թվականին ԱՄՀ-ն կանխատեսում է սղաճի միջինը 3 տոկոսանոց մակարդակ, իսկ այս տարվա դեկտեմբերին՝ 3,5%` անցած տարվա դեկտեմբերի համեմատ:



























