Աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները եւ աշակերտական օլիմպիադայի հաղթողները կսովորեն անվճար: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Հանրապետական ընդունող հանձնաժողովը երկրորդ նիստի ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ միասնական եւ ներբուհական քննությունների նախնական արդյունքների ներկայացում եւ քննարկում, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական վկայականի /ատեստատի/ ներկայացման հարցի քննարկում, 105-108 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների նախնական ցուցակի ներկայացում եւ այլ ընթացիկ հարցեր:

Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը տեղեկացրել է, որ միասնական քննությունների առաջին փուլի նախնական արդյունքներով՝ առկա են անվճար ուսուցման որոշակի թափուր տեղեր: Նա միաժամանակ ընդգծել է, որ քննության արդյունքներով առկա է 63 դիմորդ, ովքեր նույն միավորներով անցնում են վճարովի համակարգ, եւ եթե վերջիններիս համար լրացուցիչ անվճար տեղեր չսահմանվեն, ապա կաշխատեն ընդունելության կարգի չափանիշները:

Նշված հարցի շուրջ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարությունը պարտավորված չէ կիսաանցողիկ միավորներով ապահովել համապատասխան տեղեր, եւ կարգը նախատեսում է այլ ընթացակարգ, սակայն հաշվի առնելով այս խնդրի շուրջ հանրային բուռն քննարկումները եւ երբեմն նաեւ շահարկումները՝ առաջարկել է թափուր մնացած տեղերի մի մասը հատկացնել նույն գնահատականներով վճարովի համակարդ անցնող 63 դիմորդին:

«Մենք ունենք ազգային փոքրամասնություններին աջակցելու բարի ավանդույթ,  եւ հանձնաժողովին առաջարկում եմ համայնքների կողմից ստացված մեկական դիմում-խնդրանք բավարարել՝ անվճար համակարգում սովորելու: Նշված բոլոր տեղերը լրացնելուց հետո միայն նոր հանձնաժողովը կքննարկի պետության համար գերակա հանդիսացող՝ արվեստի բուհերում պետպատվերի տեղերն ավելացնելու խնդիրը», - նշել է նախարարը:

Օրակարգի երկրորդ հարցի շուրջ  հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել մինչեւ հունիս 11-ը, ժամը 1600-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացրել է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

Օրակարգի երրորդ հարցի շուրջ պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ այս տարվա դիմորդներից որոշակի արտոնություններից օգտվելու է թվով 200 հոգի, որից 20-ը՝ Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ եւ աշակերտական օլիմպիադայի հաղթողներ, մնացած մասը տարբեր սոցիալական եւ հաշմանդամություն ունեցող խմբերի ներկայացուցիչներ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am