Միտումնավոր ապատեղեկատվություն եւ անհեթեթություն է իմ անունը Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի եւ նրա ձերբակալության հետ կապելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Արարատի մարզպետարանի նախկին պաշտոնյայի ձերբակալությունն ուղիղ հարված է Հովիկ Աբրահամյանին:
«Ես արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ պատասխանելու այդ թեմային վերաբերող հարցերի: Այդուհանդերձ, եւս մեկ անգամ, ,հուսով եմ վերջին անգամ, կրկնեմ, որ որեւէ առնչություն չունեմ կառավարության ծրագրով Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների համար նախատեսված դիզվառելիքի բաշխման հետ: Ի դեպ, այս դեպքում էլ ստիպված եմ կրկնել, որ կառավարության այդ ծրագիրը նախատեսված է բոլոր հողօգտագործողների համար` անկախ նրանց ապահովվածության աստիճանից:
Միտումնավոր ապատեղեկատվություն եւ անհեթեթություն է նաեւ իմ անունը Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի եւ նրա ձերբակալության հետ կապելը: Կարծում եմ Տիգրան Վիրաբյանը իրավապահ մարմիններին կներկայացնի իրականությունը:
Ինչ վերաբերում է վառելիքի բաշխման գործընթացում թույլ տված չարաշահումներին, ապա ցանկացած նման դեպքի պարագայում օրենքը պետք է գործի իր ողջ խստությամբ` անկախ չարաշահման ոլորտից, չափից եւ այն բանից, թե խոսքն ինչ մակարդակի չինովնիկի կամ անձի է վերաբերում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Նա ձերբակալվել է Հայաստանի կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. Ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնական դիրքն օգտագործելով եւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով, նախատեսված` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նշենք, որ «168 ժամը» գրել էր, թե Տիգրան Վիրաբյանի անունը շրջանառության մեջ հայտնվեց, երբ Վերահսկիչ պալատի հաշվետվության խորհրդարանական քննարկումներից ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտնի «պահվածքից» հետո Ֆինանսների նախարարության Վերահսկողական տեսչությունը հրապարակեց 4 մարզերում, այդ թվում՝ Արարատի մարզում գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ տրամադրվող դիզելային վառելիքի հատկացման հետ կապված ուսումնասիրությունների արդյունքները, որոնցից պարզ դարձավ, որ Աբրահամյանները 48 հազար լիտր դիզելային վառելիք են ստացել՝ անապահով գյուղացիների համար նախատեսված գներով:
«Սա, քաղաքական շրջանակներում տարածված կարծիքի համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանն էր Հովիկ Աբրահամյանին: Բայց դրան հետեւեց հունիսի 29-ին Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված հայտնի քննարկումը եւ ՀՀԿ գործկոմի նիստը: Սպասվում էր, որ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո հաջորդ «թիրախը» լինելու էր հենց Հովիկ Աբրահամյանը, սակայն ՀՀԿ ԳՄ նիստից հետո վերջինս կարծես բավարարված էր. Նա հայտարարեց, որ Ս. Սարգսյանն իրեն ոչ մի թթու խոսք չի ասել: Դրանից հետո ոմանք սկսեցին մտածել, թե ներիշխանական հակասությունների այս փուլը գոնե առժամանակ կասեցվել է:
Սակայն Տիգրան Վիրաբյանի ձերբակալությունը փոխում է պատկերը: Բանն այն է, որ Արարատի մարզպետարանի նախկին պաշտոնյայի ձերբակալությունն ուղիղ հարված է Հովիկ Աբրահամյանին: Հայտնի է, որ վերջինիս ընտանիքը գրեթե ֆեոդալական կարգավիճակ ունի Արարատի մարզում, ի թիվս բազմաթիվ օբյեկտների, տնօրինում է գյուղատնտեսական նշանակության հողերի, ընդհանրապես մարզի գյուղատնտեսության մեծ մասը...»,- գրում է «168 ժամը»:





























