Նախիջեւանում հայկական հուշարձանների հետքն իսկ չի մնացել: Այս մասին հուլիսի 11-ին լրագրողներին է հայտնել ICOMOS–Հայաստան կազմակերպության տնօրեն Գագիկ Գյուրջյանը: Նրա խոսքով` հուշարձանները պահպանող ադրբեջանցի մասնագետների հետ չի հաջողվում որեւէ կապ հաստատել, քանի որ Ադրբեջանը 2003-ից չի հանդիսանում ICOMOS անդամ:
«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը բազմաթիվ հայկական եկեղեցիներ է կործանել եւ դրանք վերածել մզկիթների, մինչդեռ Հայաստանը Ղարաբաղի տարածքում որեւէ մզկիթի չի կպել»,-ընդգծել է նա:
Թուրքական կողմից, հավելել է Գյուրջյանը, ICOMOS-ի միջոցով կապը հնարավոր է եղել եւ դա կրկնակի կարեւորություն ունի` հաշվի առնելով երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Փորձագետը նկատել է, որ այդ կարգը օգնում է հայ մասնագետներին ծանոթանալ Թուրքիայում հայկական եկեղեցիների վերակառուցման նախագծերին, կամ բարձրաձայնել դրանց վիճակին առնչվող հարցեր:





























