Արարատի մարզի Խաչփառ գյուղի մի քանի փողոցների հարյուրավոր բնակիչներ ջուր չունենալու պատճառով բողոքի ցույցի են դուրս եկել: Անգամ սպառնում են դույլերով հասնել Երեւան, եթե խնդրին լուծում չտվի:
Խաչփարի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն մի քանի օր է, ինչ ջրի խնդիր է առաջացել եւ «Հայջրմուղի» պետի հետ աշխատանքներ են տանում, որ կարողանան այդ հիմնախնդիրը լուծել: «Ջուրը գալիս մտնում է գյուղի տարածք, բայց մի քանի փողոցների ջուր չի հասնում: Խողովակաշարը կա, ջրատարը կա, ամեն ինչ կա, բայց ջրի քանակությունը քիչ է: Խնդրի մասին տեղյակ են բոլոր իրավասու մարմինները: Եվ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն է միջոցներ ձեռնարկում, եւ ես, որ տեսնենք պատճառը որն է, որ ջուրը հասնի ժողովրդին»,- նշեց գյուղապետը եւ ավելացրեց, որ անգամ որոշել են այն ջրատարը, որը մտնում է Ազատաշեն, այդ տարածքից տեղափոխել, որ այդ հատվածում ջրագողություն չլինի եւ ջուրը հասնի Խաչփար:
Հարցին, թե հիմա բնակիչները գալո՞ւ են Երեւան, նա պատասխանեց. «Եթե պետք լինի, Երեւան էլ կգանք, բայց Երեւան հասնելու խնդիր ես չեմ տեսնում: Հիմա աշխատում ենք, որ ջրամատակարարումը վերականգնվի: Ես բնակչին էլ չեմ մեղադրում: Այդ նույն թաղամասում ես հեր ու մեր ունեմ, որտեղ ջուրը չի հասնում: Բայց մենք հիմա աշխատում ենք խնդրին լուծում տալ եւ Երեւան գալու խնդիր չառաջանա»:





























