Պետության բյուջեն հնարավոր է ավելացնել ծխախոտի առեւտրի մենաշնորհի հաշվին: Հուլիսի 11-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:  «Արտադրությունը նախկինի պես թող կարգավորվի մասնավոր սեկտորի կողմից: Իսկ վաճառքն իր ձեռքում կարող է կենտրոնացնել պետությունը: Դա երկրի բյուջեն մի քանի տասնյակ միլիարդ դրամով կավելացնի եւ կօգնի լուծել տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր»,-համոզված է նա:

Պետությունը, հավելել է Սաֆարյանը, պետք է ավելի ակտիվորեն մասնակցի տնտեսության մյուս ճյուղերի գործունեությանը, մասնավորապես` պետական պարտատոմսեր թողարկելով եւ հանրային ձեռնարկությունները կառավարելով, օրինակ` Զանգեզուրի մոլիբդենի կոմբինատը: «Միջոցները, որոնք կստացվեն պարտատոմսերի վաճառքից, հնարավոր կլինի օգտագործել Զանգեզուրի պղինձամոլիբդենային գործարանը վերազինելու, հանքերը վերամշակելու եւ այնտեղից այլ մետաղներ ստանալու համար: Հանույթի ավելի լավ տեխնոլոգիայի կիրառումը թույլ կտա տարեկան 3 հազար տոննա ավել ոսկի, 176 տոննա տելլուր, 70 տոննա սելեն, 20 հազար տոննա ծծումբ ստանալ»,-եզրափակել է Վազգեն Սաֆարյանը: