Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր՝ հուլիսի 11-ին, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, քաղաքային համայնքների  ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տերտերյանը շնորհավորել է Վահե Հակոբյանին`  պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա աշխատանքներում: Նա նկատեց, որ Վ. Հակոբյանը նոր մարդ չէ մարզում, որպես այս  ընտրատարածքից ընտրված պատգամավոր`քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին եւ վստահություն հայտնեց, որ նա իր աշխատանքային  փորձով  ու գիտելիքներով կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ առկա խնդիրների լուծմանը: 

Վ. Տերտերյանը շնորհակալություն է հայտնել նաեւ  Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին` համատեղ աշխատանքի եւ երկար տարիների համագործակցության   համար, ինչպես նաեւ`  մինչեւ նոր մարզպետի նշանակումը մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխմարզպետ Արա Դոլունցին` մարզպետարանի արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար: