Կոտայքի անձնագրային բաժանմունքի պետի անուշադրության պատճառով աբովյանցի 11-ամյա Սոֆա Ասատրյանին արգելել են մուտք գործել Ուկրաինա եւ նա միայնակ է մնացել մաքսատանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոֆա Ասատրյանի մայրը` Նելլի Ասատրյանը: Նրա խոսքով՝ ուղեւորներից մեկը՝ տեսնելով անչափահասի շոկային վիճակը եւ ազդվելով նրա լացից, հրաժարվել է Ուկրաինա մեկնելուց եւ աղջկան բերել հասցրել է Հայաստան:
Նելլի Ասատրյանը նշեց, որ դստերը ճանապարհելուց առաջ նրա համար անձնագիր է հանել, հետո տարել, որ Կոտայքի անձնագրային բաժանմունքի պետ Արայիկ Ավանեսյանը վիզա խփի: «Պարզվում է, նա ստորագրել էր, բայց կնիքը չէր խփել: Այնինչ` հուլիսի 10-ի առավոտյան, աղջկաս ժամը 7-ին ճանապարհում եմ Ուկրաինայի Օդեսա քաղաք: Հայաստանի մաքսակետն անցնում է, Վրաստանինը՝ եւս: Հասնում է Ռուսաստանի մաքսակետ, թույլ չեն տալիս, որ անցնի: Տանում են մի փոքր սենյակ եւ ասում, որ պետք է հետ վերադառնա Հայաստան, քանի որ անձնագրում կնիքը չկա: Ուղեւորներից մեկը տեսնելով աղջկաս շոկային վիճակում, իջնում է, որ նրան հանգստացնի: Գիշերը քնում են չոր աթոռների վրա ու առավոտյան երկուսին էլ հետ են ուղարկում Հայաստան»,- պատմեց Նելլի Ասատրյանը եւ ավելացրեց, որ այդ անուշադրության արդյունքում աղջիկը հազար ու մի փորձանքների կարող էր հանդիպել՝ չհաշված իրենց ապրումները:
Անչափահասի մոր խոսքով՝ բացի իրենց հոգեկան ապրումներից 120 հազար դրամի վնաս են կրել:
Երբ կինը գնացել է Արայիկ Ավանեսյանի մոտ` հասկանալու համար, թե ով պետք է փոխհատուցի իրենց վնասը, հետեւյալ պատասխանն է ստացել. «Ասաց, որ իրենք չեն կարող գումարը հետ տալ՝ պատճառաբանելով, թե «թող Հայաստանի մաքսայինը հետ ուղարկեր: Եթե ընդունել ա, ուրեմն իրանց մեղքն ա»: Ստացվում է, որ իր անփութության պատճառով համ նման ապրումներ ունենք, երեխաս զրկվեց հանգստից, համ էլ ոչ ոք չի պատրաստվում փոխհատուցել գումարը»:





























