Առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Աբրահամ Մանուկյանը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե իր որդուն` Արթուր Մանուկյանին, բերման են ենթարկել ոստիկանություն: «Չէ, ընդհանրապես չկա, երբեք չի եղել, ոչ մի անգամ  ոչ մի բան չեն արել»,- ասաց Աբրահամ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է որդու մեքենայի` «Բենթլիի» համընկնմանը, ապա ԲՀԿ անդամն ասաց. «Ինչքան մարդ է «Բենթլի» քշում էս քաղաքում: Հարյուր տոկոս նման փորձաքննություն չի եղել, ոչ մի անգամ իր ամբողջ կյանքում թմրանյութերի հետ գործ չի ունեցել, ոչ մի փորձաքննություն, ոչ մի բան չի եղել, երդվում եմ ես»:

Մինչդեռ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ հուլիսի 14-ին ժամը 02.20-ի սահմաններում Երեւան Փափազյան փողոցից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության բերման են ենթարկվել 31-ամյա Արթուր Մ-ն` իր անձնական օգտագործման «Բենթլի» մեքենայով, 27-ամյա  Վաչագան Ս-ն, 26-ամյա Երվանդ Ս-ն` «Միցուբիշի» ավտոմեքենայով: Վաչագան Ս-ն եւ Երվանդ Ս-ն ուղարկվել են ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր` փորձաքննության, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ Lurer.com-ի տեղեկություններով՝ անցած գիշեր իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչություն են բերման ենթարկել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր նշանածին՝ Մարաշցի Արթուրին եւ նրան ուղեկցողներին։ Նշենք նաեւ, որ Մարաշցի Արթուրը եղել է «Բենթլի» մակնիշի իր ավտոմեքենայով, իսկ նրա ուղեկիցները՝ «Ջիպ» ավտոմեքենայով։ Ըստ ոստիկանության մեր աղբյուրների՝ նրանց ենթարկել են արյան մեջ թմրանյութերի առկայությունը վերհանող փորձաքննության, որը դրական արդյունք է ցույց տվել։

«Հիշեցնենք նաեւ, որ Մարաշցի Արթուրը, ով ի դեպ Առողջապահության նախկին նախարար Աբրահամ Մանուկյանի որդին է, առաջին անգամը չէ, որ բերման է ենթարկվում ոստիկանական բաժանմունք»,- գրել է կայքը: