Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 15-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ:

Հանրապետության նախագահը խնդրել է ցավակցության եւ զորակցության խոսքեր փոխանցել այդ ողբերգության արդյունքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին:

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Օզնոբիշինո բնակավայրի մոտ: Մանրաքար տեղափոխող բեռնատարը դուրս գալով երկրորդական ճանապարհից բախվել էր ԼԻԱԶ ավտոբուսին, որում եղել էր 41 մարդ: Վթարի արդյունքում զոհվել է 18 մարդ, եւս 20-ը տուժել են: Այսօր Մոսկվայում եւ Մոսկվայի երկրամասում սուգ է հատարարվել:

«Նոր Մոսկվայում» արյունալի վթարի պատճառ հանդիսացող վարորդը մեկնել էր Հայաստանից՝ զոհված որդու տապանաքարի համար գումար հայթայթելու համար: Հրաչյա Հարությունյանի եղբոր՝ Հարութի խոսքով՝ եղբայրը Երեւանից Մոսկվա է մեկնել արտագնա աշխատանքի: Նախկինում նա կռվել է եւ կոնտուզիայի ենթարկվել: Նրա 21-ամյա որդին մեկ տարի առաջ զոհվել է բանակում եւ Հրաչյան ցանկանում էր լավ տապանաքար պատրաստել նրա գերեզմանի համար:

«Մեր ընտանիքից ոչ ոք չէր ցանկանա նման վնաս պատճառել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ, ամենայն հավանականությամբ արգելակներն են խափանվել: Նա փորձել է այնպես անել, որ ոչ ոքի վնաս չպատճառի: Նա արել է այն, ինչ կարողացել է»,-հայտարարել է Հարութ Հարությունյանը:

Երեւանում 46-ամյա Հրաչյան թողել է կնոջը, դստերը, թոռանն ու տարեց հորը: