Ստամբուլի Գեզի պուրակում բողոքի ակցիաների հետաքննության շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է 30 մարդու՝ հիմնականում ուսանողների, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:

Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները այսօր ստուգայց են կատարել մոտ 100 հասցեներով, այդ թվում՝ ուսանողական հանրակացարաններում: Ստուգայցերի արդյունքում ձերբակալվել է 30 մարդ: Ներկայումս օպերացիան շարունակվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախօրեին, նույն հետաքննության շրջանակներում Իզմիրի դատարան է ուղարկվել 15 մարդ: NTV հեռուստաալիքի թարմացված տվյալներով՝ Իզմիրում ներկայումս կա 48 ձերբակալված:

Ամբողջ Թուրքիայում կառավարության վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մեկ ու կես ամիս: Բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 5 մարդ, շատերը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Կապված մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսի հետ լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն երկրի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաները շարունակվում են: