Հայաստանում ձեւավորվում է տնտեսության նոր սեգմենտ` գյուղատնտեսության արդյունաբերական հատվածը, որը ներառում է մեծ կապիտալ ներդրումներ պահանջող գյուղատնտեսության ճյուղերը: Այդ մասին այսօր` հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ամերիա» ընկերությունների խմբի Զարգացման տնօրեն, «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը: Նրա տեղեկացմամբ` խոսքը վերաբերում է խոշոր այգեգործական տնտեսություններին, ջերմոցներին եւ ձկնաբուծությանը:
Ամերիա խորհրդատվական ընկերությունն այսօր ներկայացրեց Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսական ոլորտի զարգացման միտումները:
Տ. Ջրբաշյանը նշեց, որ ԱՊՀ-ում եւ Արեւելյան Եվրոպայում հետազոտված 40 երկրներից Հայաստանն ունի ՀՆԱ-ում գյուղատնտեսության ամենամեծ մասնաբաժինը` 19-20%: Սակայն Հայաստանում լրջագույն խնդիր կա արտադրողականության առումով:
«Արդյունաբերական գյուղատնտեսությունն այն ուղղությունն է, որ թույլ կտա ունենալ բարձր արտադրողականություն, քանի որ դա է հիմքը մրցունակության եւ արտասահմանյան շուկաներ դուրս գալու»,- ասաց Տ. Ջրբաշյանը:
Հարցին, թե արդյո՞ք այս ոլորտից վարկերի պահանջարկ կա, Տ. Ջրբաշյանը պատասխանեց. «Այս ոլորտը վարկերի նկատմամբ մեծ պահանջարկ է ներկայացնում, որը համարժեք արտացոլում չի գտնում ֆինանսական ոլորտում, քանի որ բանկերը կարծում են, թե գյուղատնտեսությունը փոքր ֆերմերային տնտեսություններն են` փոքր վարկերի կարիքով: Այնինչ արտադրողականության աճը մեծ կապիտալ ներդրումների անհրաժեշտություն է առաջացնում»:





























