Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ուղիներ է փնտրում Paypal համակարգի ծառայությունների սահմանափակումները ՀՀ համար հանելու ուղղությամբ: Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ` ի պատասխան ԿԲ նախագահին ուղղված «Հայ ծրագրավորողներ» ստորագրությամբ նամակի: ԿԲ հաղորդագրության մեջ նշվում է.
«Օրերս զանգվածային լրատվամիջոցներում տարածվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղղված «Հայ ծրագրավորողներ» ստորագրությամբ անանուն նամակ: ՀՀ Կենտրոնական բանկն իր քաղաքականության համաձայն՝ չի արձագանքում անանուն նամակներին, սակայն կարեւորելով հասարակության հետ թափանցիկ շփումը, նպատակահարմար է գտնում պարզաբանումներ տալ այս հարցի վերաբերյալ:
Google AdSense համակարգը ստեղծված է վեբկայքեր հրապարակողներին իրենց կայքերում գովազդ տեղադրելու եւ այդ գովազդի հղումներով անցնելու համար գումարներ վճարելու նպատակով: Google AdSense համակարգի միջոցով վաստակած գումարները կարող են փոխանցվել կայքը հրապարակող կազմակերպության բանկային հաշվին EFT – Electronic Fund Transfer համակարգի օգնությամբ: Ցավոք, այդ համակարգն այս պահին 257 երկրներից սպասարկվում է միայն 29-ում: Դրանց թվում են Եվրամիության 28-երկրներից 18-ը, Ավստրալիան, Կանադան, Հոնկոնգը, Իսրայելը, Ճապոնիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ն: Աստիճանաբար այդ ցանկում ներառվում են նաեւ այլ երկրներ, այդ թվում՝ նաեւ Արեւելյան Եվրոպայի եւ Ասիայի երկրները:
Ինչ վերաբերում է Paypal համակարգից օգտվելուն, ապա ՀՀ տարածքից գրանցված օգտագործողները կարող են այդ համակարգի միջոցով կատարել փոխանցումներ, սակայն չեն կարող միջոցներ հաշվեգրել իրենց Paypal հաշիվներին եւ ՀՀ տարածքում գտնվող բանկային հաշիվներին: ՀՀ Կենտրոնական բանկը բանակցում է եւ շարունակելու է ուղիներ փնտրել Paypal համակարգի ծառայությունների սահմանափակումները ՀՀ համար հանելու ուղղությամբ:
Ի լրումն, հարկ է նշել, որ վերոհիշյալ ընկերություններն առեւտրային կազմակերպություններ են եւ իրենց բիզնես-քաղաքականությունն իրականացնում են սեփական ռազմավարությունից եւ տնտեսական հաշվարկներից ելնելով: Մինչդեռ այդ քաղաքականության վրա կարող են ներազդել նաեւ պրոֆեսիոնալ համայնքները եւ խմբերը՝ սեփական բիզնես-պահանջարկն այդ կազմակերպություններին բացահայտ ձեւով ցուցադրելով: Մեր շփումները Paypal ընկերության հետ ցույց են տվել, որ ՀՀ մասնավոր հատվածից այդ ընկերությունը դեռեւս բավարար ազդակներ չի ստացել»:




























