«Air Arabia» ավիաընկերությունը օգոստոսի 16-ից սկսում է Շարջա-Երեւան ավիաչվերթերը: Այս մասին հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընկերության հասարակայնության հետ կապերի հարցերով մենեջեր Հուսամ Ռայդանը:
Երեւանը կլինի 86-րդ ուղղությունը, դեպի ուր թռչում են ընկերության օդանավերը: Շաբաթական երկու չվերթեր կիրականացվեն երեքշաբթի եւ ուրբաթ օրերին՝ Airbus A320 օդանավերով: «Մենք առհասարակ փոխզիջման չենք գնում, երբ խոսքը անվտանգության եւ ճիշտ ժամանակին լինելու մասին է: Ինչ վերաբերում է հարմարավետությանն օդանավում, ապա մենք չունենք առաջին, կամ բիզնես կարգ, սակայն մեր էկոնոմ-կարգում նստատեղերի միջեւ հեռավորությունն աշխարհում ամենամեծն է, ավելի քան 81 սանտիմետր»,-ընդգծել է Ռայդանը:
Նրա խոսքով՝ չնայած որ «Air Arabia»-ն իրեն ներկայացնում է որպես բյուջետային ավիաընկերություն, ուղեւորներին թույլ են տալիս իրենց հետ տանել մինչեւ 30 կգ անվճար ուղեբեռ: Սակայն ընկերության ներկայացուցիչը չի մեկնաբանել մրցակիցների աշխատանքը, այդ թվում՝ «FlyDubai»-ինը, որը եւս չվերթեր է իրականացնում ԱՄԷ-ից Երեւան:
«Կարծում ենք, որ հայկական շուկան մեծ պոտենցիալ ունի, այստեղ հնարավոր է երկու ավիաընկերությունների ներկայությունը»,-հավելել է նա:
Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ առավելություններից մեկը ուղղությունների մեծ ցանցն է, այդ թվում դեպի 13 քաղաքներ միայն Հնդկաստանում եւ 25 քաղաքներ հնդկական ենթամայրցամաքում:
«Սա անկասկած լավ նորություն է 2000 հնդիկ ուսանողների համար, որոնք բնակվում են Երեւանում: Այժմ նրանք կարող են Շարջայով թռչռել դեպի Հնդկաստանի տարբեր քաղաքներ»,-ընդգծել է Ռայդանը: Բացի այդ, Շարջան տարածաշրջանային տարանցիկ հանգույց է, որը կարող է ծառայել հարավային եւ հարավ-արեւմտյան Ասիայի մի շարք ուղղություններին:
Երեւանից Շարջա հետադարձ տոմսի արժեքը մինչեւ հոկտեմբերի վերջ կլինի 175 դոլար: Նոր տարվա շրջանում գինը կբարձրանա եւ կկազմի 300 դոլար:





























