Տարածաշրջանային եւ ներքաղաքական գործընթացներում բարդ իրադրությունում հայտնված թուրքական իշխանություններն անսպասելի հարված ստացան այնտեղից, որտեղից որ այս պահին ամենաքիչն էին սպասում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Հայաստանի գլխավոր դատախազի հայտնի ելույթին։
Թուրքագետի խոսքով՝ «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազի՝ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման իրավական գործընթաց սկսելու մասին հայտարարությունը երկար սպասված էր շատ հայերի կողմից, սակայն անսպասելի էր թուրքական իշխանությունների համար։
«Տարածաշրջանում եւ ներքաղաքական գործընթացներում բարդ իրադրությունում հայտնված թուրքական իշխանությունների համար Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունը սառը ցնցուղ էր։ Թուրքական իշխանություններն այս պահին հարված ստացան այնտեղից, որտեղից այս պահին ամենաքիչն էին սպասում»,-նշեց Իսպիրյանը՝ շեշտելով, թե Աղվան Հովսեփյանին ուղղված Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը դրա վկայությունն էր։ Թուրքագետը շեշտեց, թե Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունն ուշացած էր եւ իրականում ոչինչ չասող, ինչը կապված էր Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարության անսպասելի լինելու հետ։
Իսպիրյանը հայտնեց, որ Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունը մեծ արձագանք է գտել թուրքական հասարակության մեջ՝ շեշտելով, որ թուրքական բոլոր լրատվամիջոցները հիշյալ հայտարարությունը ներկայացրեցին «Հայաստանի գլխավոր դատախազը Թուրքիայից հող է պահանջում» վերնագրով։
Թուրքագետը տեղին համարեց Ցեղասպանության փոխհատուցման հետ կապված իրավական գործընթացի կազմակերպումը՝ շեշտելով, թե այս պահին առաջին պլան է բարձրանում իրավական գործընթացը, որին զուգահետ կշարունակվեն Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքները։
Նշենք, որ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր հետեւյալը. «Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները եւ այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»,- ընդգծել է գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























