Բաքվում մի խումբ փախստականներ, որոնք բնակվում են Հաթաինի շրջանում, նախօրեին փակել են ճանապարհը՝ իրենց բնակարանային խնդիրների պատճառով:
Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ փախստականները ժամանակին բնակեցվել են տեքստիլ ֆաբրիկայի հանրակացարաններում: Փախստականների խոսքով՝ այդ շենքերն արդեն մի քանի տարի է վթարային վիճակում են:
Այս տարվա մայիսին կառավարությունը որոշում էր կայացրել վերաբնակեցնել այդ շինությունների բնակիչներին՝ ավելի քան 200 ընտանիք: Սակայն փախստականները պնդում են, որ իրենց մի հանրակացրանից ցանկանում են տեղափոխել մեկ այլ հանրակացարան: Նրանք չեն պատրաստվում լքել հանրակացարանները, քանի դեռ իրենց նոր բնակարաններ չեն հատկացվել:
Իրենց հերթին համապատասխան պաշտոնյաները պնդում են, որ փախստականներին մի հանրակացարանից մյուսը տեղափոխելը ժամանակավոր միջոց է; Փախստականների հարցերով պետական կոմիտեն հայտարարել է, որ առաջիկայում ընտանիքները նոր բնակարաններ կտեղափոխվեն: Սակայն հստակ ժամկետներ չեն նշվել:





























