Համլետ Հայկի Գալուկյանը համարվում է «Ստրոյավտոսերվիս» ԲԲԸ տնօրեն, որին պատկանող «ԿամԱԶ»-ի վարորդն է եղել Հրաչյա Հարությունյանը, ով հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ ուղեւորատար ավտոբուսի հետ վթարի է ենթարկել: Այս մասին M24.ru-ին պատմել է Մոսկվայում Շինարարների ազգային միավորման համակարգող Նիկոլայ Մարկինը:

«Ստրոյավտոսերվիս» ԲԲԸ ընկերությունը գրանցվել է 10 տարի առաջ: Դրա տնօրենն է Համլետ Հայկի Գալուկյանը: Պարզվել է, որ նա եւս մի քանի ընկերությունների տնօրեն է:

Ներկայումս ընկերությունում ստուգումներ են իրականացվում՝ պարզելու, թե որքանով է ընկերության արտադրանքը համապատասխանում անվտանգության նորմերին ու կանոններին: Լուրջ խախտումների հայտնաբերման դեպքում ընկերության գործունեությունը կարող է կասեցվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել:

Ինչպես հայտարարում են Հարությունյանի դատապաշտպանները, վարորդը պարտավոր չէ հետեւել մեքենայի տեխնիկական վիճակին՝ դա ընկերության պարտականությունն է: Փաստաբանները պնդում են, որ Հարությունյանը ֆիրմայի աշխատակիցների անպատասխանատվության զոհ է: