Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը կալանավորել է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով եղել է «ԿամԱԶ»-ի վարորդը, որի հետ ուղեւորատար ավտոբուսի վթարի արդյունքում զոհվել է 18 մարդ:
«Դիտարկելով կողմերի բերած փաստերը եւ ուսումնասիրելով ներկայացրած նյութերը՝ դատարանը վճռել է, որ քննիչի միջնորդությունը՝ կալանքը Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելը, բավարարման ենթակա է»,- դատարանի որոշումը արձանագրել է Ալեքսեյ Կրիվոռուչկոն:
Նման որոշում կայացնելիս դատարանը համաձայնել է քննիչ Լոգոյկոյի եւ պետական մեղադրող Գայանե Գրիգորյանցի դիրքորոշման հետ, որ ազատության մեջ գտնվելով՝ «մեղադրյալը կարող է խուսափել հետաքննությունից, ինչպես նաեւ ճնշում գործադրել քրգործի մասնակիցների վրա»: Բացի այդ, Հարությունյանն «այլ պետության՝ Հայաստանի քաղաքացի է եւ Ռուսաստանի տարածքում մշտական բնակության վայր չունի», հաղորդում է «Ռոսբալթը»:
Նա կալանավորված է լինելու երկու ամիս շարունակ, այսինքն՝ մինչեւ սեպտեմբերի 14-ը: Այդ ընթացքում ծրագրվում է իրականացնել բոլոր քննչական գործողությունները, եւ հնարավորության դեպքում՝ ավարտել հետաքննությունը:
Նիստի ժամանակ Հարությունյանը թարգմանչի միջոցով խնդրել է դատավորին իրեն չկալանավորել: Մինչեւ նիստի վերջ նա այլեւս ոչինչ չի ասել: Ավելի մարդասիրական խափանման միջոցի համար միջնորդություն են ներկայացրել նրա երկու փաստաբանները: Նրանք հաղորդել են, որ մեղադրյալը խնամում է տարեց հորն ու կնոջը, որոնք բնակվում են Երեւանում: Իսկ ինքը մեղադրյալը չի պատրաստվում թաքնվել, առավել եւս՝ որեւէ մեկի վրա ճնշում գործադրել:



























