«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի առաջին միջոցառումն է երեխաների հետ աշխատող մասնագետների համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են «շարժական գրագիտության» եւ «շարժական անվտանգության» հիմնական դրույթները: «ԱրմենՏել» ընկերության, «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել շարժական անվտանգության ոլորտում առկա խնդիրների, հիմնական ռիսկերի եւ դրանց նվազեցման ճանապարհների մասին:
«Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում, կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ, հայաստանյան դպրոցներում կանցկացվեն «բաց դասեր»: Ծրագրի ավարտին դպրոցականների շրջանում տեղի կունենա շարժական անվտանգության կանոնների իմացության մրցույթ:



























