Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով  զոհվածների  հարազատներին` ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի  Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում  դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ կայքից: 

ԱԺ նախագահը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու  համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն եւ պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ  կատարած անձանց՝  համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաեւ կպարզեն վթարի իրական հանգամանքները:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: