Իրավապահ մարմիններից ոստիկանությունը մի փոքր ավելի ակտիվ է արձագանքում լրագրողների դեմ բռնության դեպքերին, քան եղել է նախկինում:  Այս  մասին, այսօր` հուլիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2013թ. երկրորդ եռամսյակային զեկույցը (ապրիլ-հունիս): Նրա խոսքով՝ ոստիկանապետի արձագանքը եւ ոստիկանության աշխատակցին խիստ նկատողություն հայտարարելը, լրագրողի անվտանգությունը պաշտպանելը փաստեր են, որ պետք է արձանագրել եւ հաշվի առնել: «Դրա հետ մեկտեղ պետք է ասել կան դեպքեր, երբ կարծես, թե լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ իրավունքի խախտումն ակնհայտ է, բայց ոստիկանության գործողությունները այնքան էլ ադեկվատ չեն: Սա եւս պետք է արձանագրենք: Այսինքն ինչ արվում է, շատ լավ է, բայց դեռ անելիքներ շատ կան»,- ընդգծեց Աշոտ Մելիքյանը: