Այսօր` մարտի 10-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության լրատվական ծառայությունից, Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել խորհրդի նախորդ երկու նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Այնուհետեւ քննարկվել են «Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի եւ Պետեկամուտների կոմիտեի միջեւ ծագած խնդիրները, որի առնչությամբ հանձնարական է տրվել` հարցը եւս մեկ անգամ քննարկել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Խորհրդի անդամներին է ներկայացվել նաեւ շարժական գրավի առարկաների իրացման ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Բանկերի միության առաջարկությունները, մասնավորապես` Միասնական տեղակատվական բանկի ստեղծման եւ կատարելագործման ուղղությամբ: