Մեր օրերում ուշագրավ է ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն՝ ընդդեմ ԱԱԾ-ի: Այս մասին այսօր` հուլիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2013թ. Երկրորդ եռամսյակային զեկույցը (ապրիլ-հունիս):
Նրա խոսքով՝ այսպիսի հայց մեր օրերում չի եղել: «Կարծես թե ԱԱԾ-ն քննադատությունից դուրս է միշտ եղել, բայց ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է այդ ծառայությանը՝ խնդրելով տրամադրել խորհրդային ժամանակահատվածից հետո գաղտնազերծված փաստաթղթեր: Չի ստացել եւ դիմել է դատարան»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Նա առանձնացրեց, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հայցն ընդդեմ տրանսպորտի եւ կապի նախարարության. «Մենք դիմել էինք, որ ինֆորմացիա տրամադրեն թվային հեռարձակման գործընթացի մասին: Օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում չստացանք: Ստացանք 20 օր հետո, բայց արդեն հայցադիմումներ էինք ուղարկել: Այդ օրը, երբ ստացել էին հայցադիմումը, մեզ տրամադրեցին հայցած տեղեկությունները, որոնք սպառիչ էին: Բայց մենք մեր հայցը հետ չենք վերցնում, որովհետեւ ուզում ենք պետական մարմինները աշխատեն օրենքի համաձայն»,- ավելացրեց Աշոտ Մելիքյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























