Ազգային անվտանգությունը «օֆշորային սկանդալի» մանրամասներն ուսումնասիրելու համար Կիպրոս հատուկ խումբ չի գործուղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը` հերքելով լրատվամիջոցներում տարածված նման տեղեկությունները:
«Դա, անհեթեթ, սուտ տեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Արծվին Բաղրամյանը:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաեւ Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ:
«Մեր աղբյուրի պնդմամբ՝ այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի` Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, եւ որքանով են հանցածին վարչապետի քայլերը: ԱԱԾ-ից, սակայն, երեկ չհաջողվեց այս կապակցությամբ որեւէ մեկնաբանություն ստանալ»,- գրել է թերթը:
Ավելի վաղ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը բացառել էր առանց տվյալ անձի թույլտվության օֆշորային ընկերության բաժնետեր գրանցելը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք որեւէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանեց․«Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչեւ չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանեց. «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով»:
Հիշեցնենք, որ ըստ Hetq.am կայքի, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Օֆշորային այդ կազմակերպության գրանցման համար «Ամերիա» բանկից խոշոր վարկ է վերցվել: Հրապարակումից հետո թե Նավասարդ Կճոյանը, թե Տիգրան Սարգսյանը հերքել էին, թե ընկերություն ունեն գրանցած օֆշորային գոտում, իսկ գործարար Աշոտ Սուքիասյանը գլխավո դատախազին մի նամակ էր ուղարկել, որում ասել էր, թե ինքն է վարչապետի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի անունով ընկերություն գրանցել առանց վերջիններիս գիտության:




























