Հայաստանում օրեցօր աճում են բենզինի գները: Շուկայում գերիշխող դիրք գրավող ընկերություններն ամեն պատեհ առիթով բարձրացնում են բենզինի եւ դիզվառելիքի գները, նույնիսկ այն պայմաններում, երբ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել այդ ընկերությունների դեմ: NEWS.am-ի հետազոտությունները ցույց տվեցին, որ Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայաններում «Պրեմիում» եւ «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է համապատասխանաբար 360 եւ 340 դրամով: «Քաղպետրոլսերվիս» ընկերության լցակայաններում «Սուպեր» տեսակի բենզինը վաճառվում էր 380, Ֆլեշի լցակայաններում՝ 390, իսկ՝ Միկա ընկերության լցակայաններում՝ 400 դրամով: Նույն գինը պահպանվում էր դիզվառելիքի դեպքում, որը բոլոր լցակայաններում վաճառվում էր 280 դրամով:
«Ֆլեշ» եւ «Միկա» ընկերություններում վառելիքի գների աճը պայմանավորեցին միջազգային շուկայում բենզինի գնի աճի հետ, թեեւ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Արմինե Ուդումյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին երկու օրերին բենզինի գները նվազել են 10 դրամով: Ընդ որում, պատկերը նույնն է բոլոր լցակայանների եւ բոլոր ընկերությունների դեպքում, հետեւաբար կարելի է հանգիստ եզրակացնել, որ վառելիքի շուկան աշխատում է պայմանավորվածություններով: Ի դեպ, հանձնաժողովի մասնագետների անցկացրած մոնիտորինգով պարզվել է, որ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերության կողմից իրացվող բենզինի գները բարձրացել են եւս 20 դրամով (վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ` 20-ական դրամով), թեեւ պատկերը նույնն է նաեւ մյուս ընկերությունների դեպքում: տարօրինակ է նաեւ, որ «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունը հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, բայց բենզալցակայնների վրա դեռեւս պահպանվում են «CPS» մակագրությունները: Իսկ շուկայում «Քաղ Պետրոլ Սերվիս»-ին փոխարինել է «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերությունների անվանումները զարմանալիորեն տարբերվում են միայն մեկ բառով: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:


























