Հայաստանի կառավարության շենքի առջեւ այսօր՝ հուլիսի 18-ին գրանցվեց հերթական միջադեպը: Մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը, ով պնդում է, թե հավերժական շարժիչ է հայտնագործել, ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջեւ հացադուլ է հայտարարում:

Այսօր մաթեմատիկոսը նաեւ ագրեսիվ էր, եւ կառավարության շենք մուտք գործող որոշ անձանց հասցեին վիրավորական արտահայտություններ էր թույլ տալիս: Իսկ նկատելով մեքենայից իջնող ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ նետվեց նրա կողմը, հընթացս բղավելով, որ նա անգրագետ է ու սրիկա: Միայն ոստիկանների միջամտությունը փրկեց ակադեմիայի նախագահին տհաճ հետեւանքներից: Նրանք բորբոքված մաթեմատիկոսին ետ հրեցին «իր տեղը», որտեղ նա շարունակեց բարձրաձայնել, որ իր գյուտերը Հայաստանում ոչ ոք բանի տեղ չի դնում, որ ինքը ցանկանում է Հայաստանից դրախտ սարքել, սակայն իշխանությունները դրան դեմ են եւ այլն:

Հենրիկ Մխիթարյանը NEWS.am-ի թղթակցին հայտարարեց, որ դիմել է դեսպաններին, եւ նրանք խոստացել են քննարկել իր գյուտերը: