Դաշնային խորհրդի տնտեսական կոմիտեի փոխտնօրեն Սերգեյ Շատիրովը կողմ է հանդես եկել պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ մինչեւ բանտարկության դատապարտելու, այն մեքենաների սեփականատերերին, որոնց գույքն անսարք է եւ հանգեցրել է մարդկային զոհերի: Իսկ այն վարորդները, որոնք անընդհատ խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները, ըստ նրա, պետք է ցմահ զրկվեն վարորդական իրավունքից:
«Տեսնում ենք, որ վթարների վերջը չի երեւում, իսկ կանոնները ինչպես խախտում էին, այդպես էլ շարունակում են խախտել: Անհրաժեշտ է խստացնել լուրջ խախտումների համար պատասխանատվությունը»,-հայտարարել է սենատորը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս առաջարկությամբ սենատորը հանդես է եկել Պոդոլսկի մոտ տեղի ունեցած արյունալի վթարից հետո: Շատիրովը հիշեցրել է, որ ԿամԱԶ բեռնատարը, որը բախվել է ավտոբուսին, տեխնիկապես անսարք վիճակում է եղել, իսկ վարորդը նախկինում բազմիցս խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները:
Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հուլիսի 15-ին դատարանը բեռնատարի վարորդ Հարությունյանին կալանավորել է 2 ամսով:



























