Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում հուլիսի 19-ին, ժամը 18:00-ին կբացվի «Ճանապարհ դեպի աստղերը» խորագրով ցուցահանդես` նվիրված Վալենտինա Տերեշկովայի տիեզերք թռիչքի 50-ամյակին:
Ինչպես NEWS.am-ին ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը, ցուցահանդեսի նյութերը ներկայացվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից` «Real Modern Pictures» հրատարակչության հետ համատեղ` օգտագործելով Ռուսաստանի թանգարանների եւ արխիվային հավաքածուների նյութերը:
Ցուցադրությունը կներկայացվի չորս բաժիններով.
1. Դպրոցական տարիներ (1940-1950 թթ.)
2. Պարաշյուտային սպորտով զբաղվելու ժամանակաշրջան (1959-1962թթ.)
3. Կյանքն Աստղային քաղաքում եւ առաջին թռիչքը տիեզերք (1962-1963թթ.)
4. Տերեշկովայի հասարակական-քաղաքական գործունեությունը
Փաստագրական ֆոտոքրոնիկան հաջորդական կներկայացնի կին տիեզերագնացի կյանքի պատմությունը եւ միաժամանակ` Մարդու կողմից տիեզերքի նվաճման պատմությունը:
Ժամը 18:30 –ին տեղի կունենա Մ. Ցիգանովի «Թռիչքի մեջ ողջ կյանքն է» ֆիլմի ցուցադրությունը:





























