«Հայինկասացիա» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի բաժնի պետ Գարեգին Միքայելյանը հերքում է ծեծկռտուքի մասնակից լինելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ իր` ծեծկռտուքի մասնակից լինելու մասին իմացել է լրատվամիջոցներից, ինքը որեւէ ծեծկռտուքի չի մասնակցել, որեւէ վնասվածք չի ստացել: Նա պատմեց, որ կինը եւ որդին գնացել էին Ալավերդի, եւ տան դուռը բացելուն պես հայտնաբերել են, որ հարեւանը «ջրել է իրենց տունը»: «Ջրի խողովակը պայթել է, տան խոհանոցի առաստաղը վնասվել է, բայց դա առաջին դեպքը չէ, մի քանի անգամ էլի այդ հարեւանը ջուր է բաց թողել, ուղղակի միայն այս անգամ քաղաքապետարանից մարդ եկավ, նախորդ անգամ մարդ չէր եկել, այսպես աղմուկ չէր բարձրացրել: Որեւէ ծեծ չի եղել, ընդամենը կանացի զրույց է եղել, ես չեմ մասնակցել, այդ ժամանակ իմ աշխատավայրում եմ եղել»,- ասաց Գարեգին Միքայելյանը` վստահեցնելով, որ այդ հարեւանի հետ որեւէ խնդիր չկա, չեն կռվել, հաշտ են:
«Հայինկասացիայի» Երեւանի բաժնի պետը իր դժգոհությունը հայտնեց լրագրողներից, որ մի փոքր բանից մեծ պատմություն է եղել, աղմուկ է բարձրացել եւ ասաց. «Ինչի ՞որ լոռեցի ենք, մի կաթօլ մեղրը պետք է բոլորիս տանը լինի: Հայաստանի համար մեկ թշնամին ժուռնալիստներն են, ինչքան ժուռնալիստներից հեռու լինես, քո փայ աստծուն մոտ կլինես»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 16-ին՝ ցերեկը, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի բաժնի պետ Գարեգին Միքայելյանը ծեծկռտուքի մասնակից է դարձել:
«Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Ալավերդի քաղաքի Էնգելսի փողոցի 6-րդ շենքի մոտ տեղի բնակիչների հետ: Երեկ մեզ չհաջողվեց պարզել, թե որն է եղել նրանց վեճի առարկան, սակայն տեղեկացանք որ վիճաբանողները եղել են Միքայելյանի հարեւանները, եւ միջադեպին մասնակցել են նաեւ տեղի դպրոցի դռնապանը ու մի խումբ այլ մարդիկ: Արդյունքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետեւանքով ծեծի են ենթարկվել «Հայինկասացիա»-ի Երեւանի բաժնի պետի կինն ու որդին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ այժմ հետաքննություն է կատարվում»,- գրել է թերթը:




























