Ներկայումս Հրաչյա Հարությունյանի վիճակը նորմալ է, բարելավում է նկատվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցեւը:
«Մի փոքր աշխուժացել է, աջակցություն է զգում»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ միջնորդել է, որ նրան հարցաքննեն երկուշաբթի, քանի որ մինչ օրս հարցաքննությունը հետաձգվում էր առողջական վիճակի պատճառով:
Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:
Հարությունյանը Բոտկինի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել:




























