Մոսկվա-Վոլգոգրադ ճանապարհին` Նովոնիկոլաեւի շրջանում, այս լուսադեմին վթարի հետեւանքով զոհված չարենցավանցի Բադալյանների ընտանիքը Ռուսաստան էր մեկնել 12-13 տարի առաջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Բադալյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները:

Նրանց փոխանցմամբ` 38-ամյա Գառնիկ Բադալյանը Մոսկվայում ապրում էր  կնոջ եւ երկու անչափահաս երեխաների հետ, բայց Չարենցավանում եւս մեծ բարեկամություն ունեն: «Ամբողջ  Չարենցավանը սգում է, շատ վատ վիճակ է, դիակներն էլ չեն տարբերում»,- հայտնեց մեր աղբյուրը:

Մեր տեղեկություններով` Ռուսաստանում գտնվող չարենցավանցի մեծահարուստները հավաքվել են, որպեսզի օգնեն նրանց տեղափոխել Հայաստան: Առաջիկա երկու օրերին դիակները կբերեն Հայաստան:

Վթարի հանգամանքների եւ պատճառների մասին տեղեկություններն իրարամերժ են, ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, թե վթարը եղել է հայ վարորդի` հանդիպակաց գոտի մտնելու հետեւանքով, մինչդեռ կան նաեւ տեղեկություններ, թե վթարի մեղավորը բեռնատար մեքենան է եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում, հուլիսի 17-ի լույսի 18-ի գիշերը, սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 4 մարդ է զոհվել: Նիկոլաեւսկի շրջանում չինական Foton բեռնատարը բախվել է Opel Omega մակնիշի մեքենային, որի հետեւանքով մի ողջ ընտանիք է զոհվել:

Հարվածից «Օպել»-ը հրդեհվել է, մարդիկ չեն հասցրել դուրս գալ մեքենայից եւ ողջ-ողջ այրվել են: Վոլգոգրադի մարզի ոստիկանները պարզում են սարսափելի ավտովթարի հանգամանքները: