«Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ Երեւանում տրանսպորտի թանկացման մասին որոշումը հակասահմանադրական է:
Նրանց հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածը սահմանում է, որ համայնքի ավագանին է սահմանում տեղական հարկերը, տուրքերը եւ վճարները: Վերոհիշյալից բխում է, որ Երեւանի քաղաքապետարանի հասարակական տրանսպորտի վճարների բարձրացման մասին որոշումը հակասահմանադրական է եւ իրավական ուժ չունի»:
Հայտարարությունը ստորագրել են ՀԱԿ դաշինքի կազմում ընդգրկված քաղաքական ուժերի ղեկավարները՝ Մ. Գասպարյան, Ա.Դովլաթյան, Ս.Գիմիշյան եւ Պ.Մակեյան:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից կթանկանա 50 դրամով եւ կկազմի 150 դրամ: Տրոլեյբուսում երթեւեկելը կարժենա 100 դրամ՝ ներկայիս 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում երթեւեկելը՝ 150 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն: Չի փոխվի միայն մետրոյի ուղեվարձի գինը:




























