Իրավաբան Ռուբեն Այվազյանն անցյալ տարվա մայիսի 26-ին հաղորդում էր տվել ոստիկանության Կենտրոնական բաժնում, որ մայիսի 12-ին հայրը՝ Լեւ Այվազյանը, մահացել է թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝ պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու հետեւանքով: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.

«Ինչպես տեղեկացրել էինք, դեպքի առթիվ 08.06.2012թ.-ին հարուցվել էր քրեական գործ: Նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Լ. Այվազյանի բուժման տարբեր փուլերում բժշկական անձնակազմի կողմից որեւէ բացթողումներ կամ խախտումներ չէին հայտնաբերվել: Ռուբեն Այվազյանն այնուհետեւ միջնորդել էր նշանակել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն եւ նշանակվել էր կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն:

«Այդ փորձաքննության եզրակացության համաձայն էլ, Լեւ Այվազյանի բժշկական օգնության եւ սպասարկման ընթացքում բուժաշխատողների կողմից նրա մահվան հետ պատճառահետեւանքային կապի մեջ գտնվող սխալներ, բացթողումներ կամ խախտումներ թույլ չեն տրվել: Լ. Այվազյանին նշանակված բուժումը եղել է գիտականորեն հիմնավորված, Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի ուղեցույցներին համապատասխան եւ ուղղված է եղել հիվանդի ծայրահեղ ծանր վիճակից դուրսբերմանը»,- տեղեկացրեց կլինիկական հիվանդանոցի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանը»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):