Ռուսաստանի տրանսպորտային ոստիկանությունը ստուգումների ընթացքում 50-ից ավելի ապօրինի միգրանտների է հայտնաբերել, որոնք բնակվում էին «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը:
«Միջոցառումների արդյունքում 52 արտասահմանցիներ են հայտնաբերվել, որոնք աշխատանքային գործունեություն էին ծավալում տարբեր կազմակերպություններում՝ Միգրացիոն օրենսդրության խախտմամբ»,- նշված է հաղորդագրությունում: Նրանց մեծ մասը աշխատանքի թույլտվություն եւ անձնագիր չի ունեցել:
40 ձերբակալվածներ վարչական պատասխանատվության են ենթարկվել, նրանց փաստաթղթերը փոխանցվել են Միգրացիոն ծառայությանը՝ այդ անձանց արտաքսման հարցը պարզելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրությունում նշվում է, որ միգրանտներին աշխատանքի ընդունած իրավաբանական անձանց նկատմամբ ընթացակարգային որոշումներ են կայացվել:



























