Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդլայնել է երկրի Պետանվտանգության կոմիտեի լիազորությունները:  Բելառուսի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ  համապատասխան հրամանը ստորագրվել է հուլիսի 24-ին: 

Մասնավորապես, Բելառուսի ՊԱԿ-ին  իրավունք է տրվում հատուկ տեխնիկական միջոցների նմուշների փորձաքննություններ անցկացնել, որոնք նախատեսված են ոչ հրապարակային տեղեկություն ստանալու համար:  Նորամուծություն է նաեւ այն, որ ՊԱԿ-ը կառավարական հեռախոսային կապի ծառայություններ է մատուցելու ԱՊՀ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին: 

Փաստաթղթով հաստատվել են նաեւ Բելառուսի ՊԱԿ-ի դրույթները, ՊԱԿ-ին ենթակա զորամասերի եւ այլ կազմակերպությունների թվարկումը:

Մամուլի ծառայությունում նշել են, որ հրամանը պայմանավորված է անցյալ տարվա հուլիսին ընդունված «Պետանվտանգության մարմինների մասին» Բելառուսի օրենքի պահանջներով: