Եվրամիությունն ու Հայաստանը հուլիսի 24-ին ավարտել են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ասոցացման մասին համաձայնագրի շրջանակում խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Բանակցությունների մասնակիցները համաձայնության են եկել գործարքի առանցքային կետերի հարցում՝ Երեւանում կայացած բանակցությունների յոթերորդ եւ վերջին փուլի ընթացքում: «Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կխթանի Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը՝ եվրոպական եւ հայկական ապրանքներին միմյանց շուկաներ դուրս գալու հնարավորություն ընձեռելով»,- ասված է ԵՄ պաշտոնական հաղորդագրությունում:
Հայտարարության մեջ նշվում է, որ տվյալ համաձայնությունը կդառնա առեւտրային հարաբերությունների արդիականացման եւ տնտեսական զարգացման հիմք՝ տարբեր բնագավառներում առեւտրի օրենքների եւ կանոնների ներդաշնակացման եղանակով: Բարեփոխումները Հայաստանին հնարավորություն կտան տնտեսության տարբեր բնագավառները համապատասխանեցնել ԵՄ-ի չափանիշներին:
Սպասվում է, որ բարեփոխումները տնտեսապես շահեկան կլինեն ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Հայաստանի համար:
Անկախ հետազոտությունները ցույց են տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսությունը կարող է տարեկան ստանալ լրացուցիչ 146 միլիոն եվրո, որը կազմում է ՀՆԱ-ի աճի 2,3%-ը: Իր կողմից ԵՄ-ն ակնկալում է ստանալ 74 միլիոն եվրո եկամուտ:




























