ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին տրամադրել է նրա հայցը դիտարկելու վերաբերյալ տեղեկանք, որը նրան թույլ կտա հեռանալ «Շերեմետեւոյի» տարանցիկ գոտուց՝ սահմանային ծառայության թույլտվությամբ, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Համապատասխան տեղեկանքը Սնոուդենին տրվել է նրա՝ ապաստան ստանալու վերաբերյալ հայցադիմումի ներկայացման օրը: Այդ փաստաթուղթը նրան թույլ կտա լքել օդանավակայանի տարանցիկ գոտին, եթե սահմանային ծառայությունը չառարկի»,-ասել է գործակալության զրուցակիցը: Սնոուդենը դիմումը ներկայացրել է հուլիսի 16-ին:
ԴՄԾ մամուլի ծառայությունում նախկինի պես մեկնաբանություններից զերծ են մնում:
Հիշեցնենք, որ Սնոուդենը լրագրողներին էր հանձնել ԿՀՎ-ի եւ ԱԱԳ-ի գաղտնի փաստաթղթերը` քաղաքացիների հեռախոսազանգերին եւ էլեկտրոնային նամակագրությանը հետեւելու մասին: Հունիսի 23-ից նա գտնվում է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման գոտում: ԱՄՆ-ն ուժը կորցրած է հայտարարել նրա անձնագիրը, այդ պատճառով էլ Սնոուդենը չի կարողանում օդանավի տոմս գնել: Նա քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից եւ սպասում է Դաշնային միգրացիոն ծառայության պատասխանին:





























