Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արգելել է երկու ծայրահեղ աջ խմբավորումների՝ «Ֆրանսիական գործի» եւ «Ազգայնական երիտասարդության», գործունեությունը՝ կապված «ատելության եւ բռնության քարոզչության» հետ:
Ինչպես ֆրանսիական կառավարության նիստի ժամանակ ընդգծել է ՆԳ նախարար Մանուել Վալը, 1968թ ստեղծված «Ֆրանսիական գործը» միավորում է, որը քարոզում է քսենոֆոբիայի եւ հակասեմականության գաղափարախոսություն, աջակցում է ռասիստական գաղափարներին, հերքում է նացիստների հանցագործությունները: Նա նշել է, որ «Ազգայնական երիտասարդությունն», ըստ էության, նախորդի մասնաճյուղն է, որի ակտիվիստները գործում են Լիոնում: Նրանք վերջերս հաճախ են մասնակցել միասեռ ամուսնությունների դեմ բողոքների ընթացքում տեղի ունեցած ընդհարումներին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ավելի վաղ այս ամիս ֆրանսիական իշխանություններն արդեն արգելել էին երեք այլ աջ խմբավորումների՝ «Երրորդ ուղու», «Ազգային-հեղափոխական երիտասարդության» եւ «Երազելու ցանկության», գործունեությունը: Նրանց կողմնակիցները հունիսին Փարիզում հարձակվել էին մի երիտասարդի վրա, որը ծեծի արդյունքում մահացել էր:





























