Այսօր կան բոլոր նախադրյալները Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու եւ քաղաքային տնտեսության նոր ոլորտներ ընդգրկելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավար Դանիել Պատան»:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք քննարկել են Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:

Տարոն Մարգարյանը նախ կարեւորել է Երեւանի եւ ֆրանսիական մի շարք քաղաքների միջեւ ձեւավորված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները եւ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ բաց եւ պատրաստ է քննարկել ու կյանքի կոչել բոլոր այն համատեղ ծրագրերը, որոնք կամրապնդեն երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայի դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում:

Կողմերն առանձնակի կարեւորել են նաեւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրի  իրականացումը: