ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանի կրթական բարեփոխումներին կրել է ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ փորձագիտական եւ մեթոդական բնույթ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Որպես համագործակցության հաջողված փորձ` նախարարն ընդգծել է ՄԱԿ-ի միջազգային զարգացման գործակալության հետ նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացված համատեղ ծրագրերը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ներառական կրթության ոլորտում իրականացված բարեփոխումները: Արմեն Աշոտյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ ԱԺ-ի աշնանային նստաշրջանին հավանաբար կընդունվի «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որի հիմնական առանցքը` համընդհանուր ներառականության անցումն է:
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է սեւեռել նաեւ մեկ այլ խնդրի վրա. «Դեռեւս 1960 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է «Կրթության խտրականության մասին» հռչակագիր, եւ այդ համատեքստում ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը երկու գրություն եմ ուղարկել` բարձրացնելով չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության իրավունքի պահպանման խնդիրը` առաջարկելով մարդու կրթության իրավունքը չշաղկապել պետական խնդիրների հետ, այլ, ընդհակառակը, տարանջատել քաղաքականությունը կրթությունից եւ միջազգային կրթական տարածքում ընդգրկել նաեւ չճանաչված պետությունները: Առաջին գրությանը ստացել ենք պատասխան նամակ, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել եւ աշխատանքային խումբ ստեղծել»,-նշել է նախարարը:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ բուհերի վարկանիշավորման խնդրին` ընդգծելով, որ վերոնշյալ գործընթացը կարեւորվում է կրթության որակի բարձրացման, մրցունակության, գործատուների ներգրավման, ինչպես նաեւ դիպլոմների փոխճանաչման տեսանկյունից:
ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը` հաջողությամբ իրականացված կրթական բարեփոխումներին նոր թափ հաղորդելու եւ աջակցելու համար:





























