Էդվարդ Սնոուդենն այսօր՝ հուլիսի 24-ին, չի լքի «Շերեմետեւո» օդանավակայանի տարածքը: Այս մասին հայտարարել է նրան օգնող փաստաբան Անատոլի Կուչերենան: Նա հայտնել է, որ Սնոուդենը մնում է օդանավակայանի տարանցիկ գոտում, ինչպես նաեւ պատմել է նրա հետագա ծրագրերի մասին:
«Նա մտադիր է մնալ Ռուսաստանում, ուսումնասիրել Ռուսաստանի մշակույթը, ծանոթանալ երկրին»,-ասել է փաստաբանը՝ հավելելով, որ Սնոուդենը ցանկություն ունի Ռուսաստանում աշխատանք փնտրել: Սնոուդենն սկսել է ռուսերեն սովորել:
«Նա այսօր ինձ հետ զրույցում ռուսերեն մի քանի բառ ու արտահայտություն օգտագործեց: Նա ասաց. «Բարեւ», ասաց «Ցտեսություն» եւ «Ես քեզ կզանգեմ»,-պատմել է Կուչերենան՝ «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Սնոուդենից մատնահետքեր են վերցրել ՌԴ միգրացիոն ծառայություններին դիմելու ժամանակ: Միգրացիոն ծառայության պատասխանի ժամկետն անհայտ է: «Ես ոչ մի ժամկետ չեմ ասի»,-ասել է Կուչերենան, հաղորդում է Russia Today-ը:
«Սնոուդենը պատրաստ է հարցազրույց տալ, բայց անվտանգության նկատառումներից ելնելով դա չի անի»,-հայտարարել է փաստաբանը:





























