ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը, որը պատասխանատու է 2014 թվականի ֆինանսական տարում օտարերկրյա օգնության մասին նախագծի համար, առաջնահերթությունը տվել է այն երկրներին, որոնք առնչություն են ունեցել Սիրիայի հակամարտությանը: Այդ ցանկում, վերջին 20 տարիներին առաջին անգամ կոնկրետ գումարներ նշված չեն Կովկասի երկրներին օգնություն տրամադրելու համար: Այս մասին հաղորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

Նշենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովն առաջարկել էր 2014 թվականի համար կտրուկ (նախորդ տարվա համեմատ շուրջ 20 տոկոսով), կրճատել արտաքին օգնության ծավալները: Այս տարի առաջարկվող օրինագիծը փաստացի չի նշում օգնության կոնկրետ բաշխումն ըստ երկրների:

Օրինագծի հետ ներկայացվող զեկույցի նախագծում զգալի ուշադրություն է դարձվում Մերձավոր Արեւելքի հումանիտար ճգնաժամին՝ արաբական գարնանը եւ Սիրիայի հակամարտությանը: Նշվում է, որ այդ երկրներում ուժգնացել են փոքրամասնությունների, այդ թվում քրիստոնյա բնակչության խնդիրները: Ենթահանձնաժողովը կոչ է անում ԱՄՆ պետքարտուղարին հետայսու եւս հումանիտար օգնություն ցուցաբերել այդ երկրների փոքրամասնություններին: